ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սատարում է ԵՄ կոչին՝ Բելառուսին ուղղված տնտեսական պատժամիջոցներ և այլ միջոցառումներ սահմանելու մասին: Նա հանձնարարել է վարչակազմին համապատասխան միջոցներ մշակել Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի մեջ ներգրավվածներին պատժի ենթարկելու համար, հաղորդում է TACC-ը:
«Ես միանում եմ միջազգային հանրության հնչեցրած բազմաթիվ կոչերին` հետաքննելու և պարզելու տեղի ունեցածի մեղավորներին: Ես ողջունում եմ տարածված այն հաղորդագրությունները, համաձայն որոնց ԵՄ-ն կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ կիրառել և այլ միջոցներ ձեռնարկել մեղավորների նկատմամբ»:
ԱՄՆ նախագահը կատարվածը միջազգային նորմերի խախտում է համարում: «Բելառուսի կողմից ԵՄ մի երկրից մյուսը ուղևորված առևտրային ինքնաթիռի ուղղությունը ստիպողաբար փոխելու, ինչպես նաև Ռոման Պրոտասևիչի ձերբակալումը միջազգային նորմերի անարգանք է»,- ասվում է տարածված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Մինսկում, այն բանից հետո, երբ, ըստ Բելառուսի իշխանությունների, տեղեկություն էր հայտնվել դրա ականապատ լինելու մասին:
Օդանավում Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի ստեղծողներից մեկն էր Ռոման Պրոտասևիչը, որը բերման էր ենթարկվել: