ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ սահմանային լարվածությունը հստակ կապ ունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։
«Ես կարծում եմ, որ տեղի ունեցած և տեղի ունենալիք իրադարձությունները հստակ կապ ունեն ընտրությունների հետ։ Փորձ է արվում ներազդելու Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա»,-նշեց պատգամավորը։
Ըստ Ռուբինյանի՝ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանում լինի լիակատար քաոս, ուստի դիմել են այս գործողություններին։ «Մենք պետք է կոնսենսուս ձևակերպենք այն մասով, որ ընտրություններին մասնակցեն Հայաստանի քաղաքական ուժերը, այլ ոչ թե Ադրբեջանի։ Ես դա նկատի ունեմ այն առումով, որ ունենք իրավիճակ, որ թշնամական գործողություններ են կատարվում քարոզարշավին նախորդող շրջանում, և ակնհայտ է Հայաստանի ապակայունացման հարցը»,-նշեց Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-ից մինչև 18-ը։