Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և սահմանների անձեռնմխելիության պայմանով:
Այս կարծիքն է հայտնել Բայրամովը երեկ՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում:
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «Ղարաբաղի դեօկուպացիան» պայմաններ է ստեղծում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար:
Ըստ մամուլի ծառայության, Բայրամովն իր խոսքում անդրադարձել է Ղարաբաղի վերականգնման և վերաինտեգրման թեմային և նշել, որ Ադրբեջանն այս ուղղությամբ կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ: Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել, և ԵԱՀԿ-ն կարող է նպաստել այս գործընթացին»:
Զեկույցի համաձայն՝ ԵԱՀԿ խորհրդի նիստում ընդգծվել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումն առանձնահատուկ նշանակություն ունի:
Բացի այդ, հանդիպման մասնակիցներն ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը: