ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, հանգեցնում նման զարգացումների։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով զինծառայողների գերեվարման մասին։
«Մենք չենք կարող դա անվանել գերեվարում, դա առևանգում է։ Նման դեպք է եղել, քանի որ միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն տվել և իրերն իրենց անունով չեն կոչում: Կոչ եմ անում մեր գործընկերներին անպայման և պարտադիր հստակ գնահատական և դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին: Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը օպերատիվորեն արձագանքի իրադարձություններին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։