ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ ՀՀ ԶՈւ վեց զինծառայողների գերեվարմանը, ինչի մասին այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՀ ՊՆ-ն։
Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈւ վեց պայմանագրային զինծառայողներն իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ, մասնավորապես՝ ականապատման։
«Գերեվարման հանգամանքերը դեռ պետք է պարզվեն։ Մի բան հստակ է, որ դա, ըստ էության, գերեվարում չէ․ տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար։ Այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող։ Սա ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է»,-նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ միջադեպը չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատականերով․ «Պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և ԶՈւ-ի դեմ օգտագործելու բոլոր փորձերը»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակառակորդը երկու նպատակ ունի․ «Նպատակ ունեն իրադարձությունը զարգացնել այնպես, որ իրենց ԶՈւ-ի ներկայությունը մեր տարածքում սովորական բան դիտվի։ Երկրորդ՝ հրահրել ռազմական բախում՝ իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով»։
Նա շեշտեց, որ ադրբեջանական զինծառայողներն անվերապահորեն պետք է դուրս գան մեր տարածքից։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․