ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայողների գերեվարմանը, հայտնել, որ այդ հարցով պատրաստվում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։
«ՊՆ-ն պիտի պարզաբանումներ ներկայացնի՝ ի՞նչ հանգամանքներում են գերեվարվել, ի՞նչ հանգամանքներում է, որ այդպիսի իրավիճակներում մենք նմանատիպ գործողություններ չենք իրականացնում, երբ կոնկրետ Գեղարքունիքի մի քանի հատվածներում նրանք մխրճվել են մեր տարածք։ Մենք, փաստորեն, գերի չենք վերցնում, իրենք գերի են վերցնում, հայտարարում, որ դիվերսանտ են։ Անհամարժեքություն եմ ես նկատում»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԶՈՒ ԳՇ պետը պետք է պատասխանտվության ենթարկվի սահմանների անձեռնմխելիության խախտման համար։
Նա տեղեկացրեց, որ ԱԺ անկախ պատգամավորների հետ քննարկել են այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։
Թովմասյանն, անդրադառնալով Մակունցի կողմից ՀԱՊԿ-ի հապաղման վերաբերյալ հայտարարությանը, նշեց, որ դա ծիծաղելի է. «Ինքներս մեզ չենք կարողանում պաշտպանել, ակնկալում ենք, որ ուրիշնե՞րը գան պաշտպանեն, մի հատ էլ մուննաթ ենք գալիս։ Իշխանության ձեռագիրն է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենցից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի մասով»։
Նշենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։