Անհրաժեշտության դեպքում, եթե առկա իրավիճակի կարգավորման այլ տարբերակներ չլինեն, հայկական կողմը զենք կկիրառի և կոչնչացնի բոլորին, ովքեր ներթափանցել են ՀՀ տարածք։
Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:
«Ակնհայտ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող 1000 ադրբեջանական զինծառայողները չեն կարողանա դուրս գալ։ Մենք կոչնչացնենք անխտիր բոլորին»,- ասաց Ասրյանը։
Գեներալը նաև ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների միջև կապ չկա, այդ կապը պահպանվում է երրորդ կողմի միջնորդական ջանքերով:
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կապը, ըստ Ասրյանի, պահպանվում է անմիջապես շփման գծում:
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։
Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։