Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման միջազգային ոչ մի պահանջ չկա և չի կարող լինել։ Այս մասին մայիսի 27-ին «Հայաստան» նախընտրական դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, նույնիսկ եթե կողմնորոշվենք Խորհրդային Միության քարտեզների միջոցով, այսօր ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի տարածքում: Ընդհանուր առմամբ, երկրների միջև սահմանները ճանաչված են համարվում, եթե իրականացվել է սահմանազատում և սահմանագծում, ինչը չի արվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հնարավոր է, որ որոշ հատվածներում սահմանների հստակեցման անհրաժեշտություն կա։
«Մենք տարիներ շարունակ զբաղվում ենք Վրաստանի հետ սահմանների սահմանազատման հարցով, դա բավական խնդրահարույց գործընթաց է՝ կապված յուրաքանչյուր մետրի, յուրաքանչյուր հողամասի հետ», – նկատել է Ռոբերտ Քոչարյանը: Նա հավելել է, որ այն իրավիճակում, որտեղ այսօր հայտնվել է Հայաստանը, դեմարկացիան անընդունելի է, քանի որ հայկական կողմը թուլացել է, և հակառակորդը դրա վրա ճնշում գործադրելու հնարավորություն ունի։ Այս պայմաններում չի կարելի գնալ կարևոր համաձայնագրերի ստորագրման, անհրաժեշտ է հետաձգել այդ գործընթացը մինչև այն պահը, մինչև պետությունը ոտքի կանգնի և լինի բանակցային գործընթացի լիարժեք մասնակիցը։
«Այսօր մենք կողմ չենք, որը բոլոր հույսերը կապվեն Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը նույնպես հղի է անցանկալի հետևանքներով, քանի որ բացասական արդյունքի դեպքում կարող են հակառուսական տրամադրություններ սկսվել», – հայտարարել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցեն 23 կուսակցություններ և 4 դաշինք: Սակայն, ինչպես կարծում են դիտորդները, ընտրությունների հիմնական պայքարը կծավալվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջև, որի մեջ մտնում են ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը: