«ԷՄ ՓԻ ՋԻ» ընկերությունը, որը Գելլափի հայաստանյան ներկայացուցիչն է, հարցում է իրականացրել ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ հանրային տրամադրությունները ստուգելու նպատակով։
Հարցման արդյունքներով՝ 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին միանշանակ պատրաստվում է մասնակցել հարցմանը մասնակցած քաղաքացիների 57,3 տոկոսը:
«Պատրաստվու՞մ եք մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին հարցին 57,3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է, 16,1 տոկոսը նշել է, որ ավելի շուտ մասնակցելու է, ավելի շուտ չի մասնակցելու 11,1 տոկոսը և միանշանակ չի մասնակցելու 14 տոկոսը, իսկ 1,6 տոկոսը դժվարացել է պատասխանել»,-հավելեց Նավասարդյանը:
Նա ներկայացրեց նաև հարցման արդյունքները, թե ում օգտին կքվեարկեին, եթե առաջիկա կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ. մասնակից քաղաքացիների 22,9 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը:
«17,5 տոկոսը նշել է «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3,8 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցություն՝ 2,8 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 2,7 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 2,3 տոկոսը և Ազգային Դեմոկրատական Բևեռ 1,7 տոկոսը: «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հավաքել է 1,6 տոկոս և «Հայոց հայրենիք» կուսակցությունը 0,6 տոկոս, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը 0,5 տոկոս»,-մանրամասնեց Նավասարդյանը՝ հավելելով, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների 15,2 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի ընտրելու, 14,5 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 11,5 տոկոսը դժվարացել է պատասխանել: