Հայաստանին անհրաժեշտ են այլընտրանքային հնարավորություններ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Հայաստանի անվտանգությունն այսօր լուրջ սպառնալիքի տակ է, և նա չի կարող միայնակ կանգնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այսօր նրան նոր դաշնակիցներ են պետք:
Այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, «Modus Vivendi» վերլուծական կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը`Armenia Today-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Հայաստանը պետք է դաշնակցային հարաբերություններ կառուցի Միացյալ Նահանգների հետ: Պապյանն անդրադարձավ այն երկրների փորձին, որոնք չնայած ՆԱՏՕ-ի անդամ չեն, այնուամենայնիվ դաշնակցային հարաբերություններ են պահպանում Վաշինգտոնի հետ:
«Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա Ազգային ժողովրդավարական բևեռը նախատեսում է բազմաթիվ վերափոխումներ. բանակի կառուցվածքի արմատական փոփոխություն, կրթական ոլորտի բարեփոխում, բայց ամենակարևորը՝ անվտանգություն, որը պետք է հիմնված լինի ընդհանուր շահերի վրա»,- ընդգծեց նախկին դիվանագետը:
Ըստ նրա, եթե ընտրությունները չկեղծվեն, ԱԺԲ-ն խորհրդարան կմտնի 10-12% ձայնով:
Մեկնաբանելով սահմանին տիրող իրավիճակն ու խնդրի լուծման տարբերակները՝ Պապյանը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել այն հարցը, թե որ սահմանի մասին է խոսքը: Եթե միջազգայնորեն ճանաչված սահմանի մասին է, ապա այն Ազգերի լիգայի կողմից ճանաչվել է 1920 թ. փետրվարի 24-ին, իսկ եթե ՀՍՍՀ-ի և Ադրբեջանի ԽՍՀ-ի միջև վարչական սահմանի մասին է, ապա անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք վարչական սահմանը պետական սահմանի գիծն է: Քանի դեռ այս հարցը չի լուծվել, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման մասին խոսք լինել չի կարող, շեշտեց Պապյանը:
«Մենք կարող ենք առաջարկել հետևյալը. թող Հայաստանը և Ադրբեջանը դիմեն միջազգային դատարան՝ սահմանի խնդրի վերաբերյալ, որի որոշման համաձայն ապագայում իրականացվելու են սահմանի սահմանանշում և սահմանազատում: Համատեղ բողոքն արդեն նշանակում է համաձայնություն, որ դատարանի որոշումը պետք է կայացվի երկու կողմերի կողմից», – ասաց Պապյանը` շեշտելով, որ հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, դիվանագիտորեն՝ միջազգային իրավունքի հիման վրա:
Քաղաքական գործիչը դրական գնահատեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի վերջին այցը Հայաստան:
«Իրանը լավ է հասկանում , որ եթե Սյունիքը և Զանգեզուրը պոկվեն Հայաստանից, նա կկորցնի Հայաստանի տարածքով դեպի Վրաստան, Սև ծով իր ազատ ելքը: Եվ դա շատ կարևոր է, հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը: Վաշինգտոնն արդեն վերացրել է Թեհրանի դեմ կիրառվող բազմաթիվ պատժամիջոցները: Այսպիսով, իրանական գազն ու նավթը կմատակարարվեն եվրոպական շուկա: Մատակարարումն իրականացվելու է մի քանի երթուղիներով, դրանցից մեկը Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա-ն է: Հնդկաստանը և Չինաստանը մեծ ներդրումներ են կատարում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման գործում: Եվ Մոսկվան ու Անկարան փորձում են դրան ընդդիմանալ իրենց միջանցքով։ Այստեղ մեր շահերը չեն համընկնում Ռուսաստանի հետ, ինչպես մյուս հարցերում»,- շեշտեց նա:
Պապյանի կարծիքով, Հայաստանը պետք է վերադառնա փոխլրացնող արտաքին քաղաքականությանը:
«Ճիշտ է՝ այժմ շատ ավելի դժվար է դա անել, քանի որ 90-ականներին և 2000-ականների սկզբին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները շատ ավելի լավն էին:
Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա ճգնաժամից դուրս գալն, ըստ Պապյանի, հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում:
«Ներկայիս կառավարությունը ոչ մի բանի ընդունակ չէ: Այս երեք տարիների ընթացքում նա սպառեց երկրի բոլոր ռեսուրսները, կարողացավ փչացնել հարաբերությունները ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Հայաստանին անհրաժեշտ է նոր կառավարություն, որում ոչ Նիկոլ Փաշինյան կլինի, ոչ էլ Ռոբերտ Քոչարյան»,- հայտարարեց Արա Պապյանը: