Ռուսաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովը Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին առաջարկել է համատեղ ստեղծել սարքավորումների մոդել՝ տեխնիկայի շահագործման ժամկետը երկարացնելու համար:
Նման նախաձեռնությամբ նա հանդես է եկել Ղազախստանի էկոլոգիայի, երկրաբանության և բնական պաշարների նախարար Մագզում Միրզագալիևի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի և Բելառուսի բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Անդրեյ Խուդիկի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:
«Այժմ մենք հանդես ենք եկել սարքավորումների շահագործման ժամկետը երկարացնելու մոդել ստեղծելու նախաձեռնությամբ: Նման առաջարկով մենք գնացինք Ռուսաստանի փոխվարչապետի մոտ, և նա աջակցեց մեզ: Եթե դուք աջակցեք մեզ, ապա միասին կկարողանանք իրականացնել այս աշխատանքը արտադրողների հետ»,- ասաց ՌԴ բնական պաշարների նախարարության ղեկավարը:
Նշենք, որ ՌԴ նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հետ քննարկել է հիդրոօդերեւութաբանության ոլորտում համագործակցությունը:
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի կառավարությանը` Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացմանը օժանդակելու համար: Հիմնական ուշադրությունը հատկացվեց բարձրորակ կանխատեսման և իրազեկման ծառայությունների մատուցումն ապահովող տեխնիկական կարողությունների զարգացմանը»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախարարի պաշտոնակատարը մասնակցում է Նեւսկու IX էկոլոգիական համագումարին: 26 բիզնեսից ավելի քան 800 մարդ մասնակցում է բիզնես ծրագրին: Կազմակերպիչներն էին ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհուրդը և Ռուսաստանի բնական պաշարների և էկոլոգիայի նախարարությունը: