Գերեվարված 6 զինծառայողների վերադարձի համար բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են։ Մոսկվայում Ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցություններն ունեցել են հստակ շեշտադրումներ և շարունակվելու են։Որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս ենք ասել՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը։
Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ դա տեղի է ունենալու մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ՀՀ ԶՈւ ակտիվ մասնակցությամբ։
Գերիների վերադարձի համար տարվող բանակցությունների շրջանակում հաջորդ հանիպման համար օր և ժամ Թորոսյանը չնշեց։ Այն լուրերը, թե դա տեղի կունենա ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, Թորոսյանը չհաստատեց՝ նշելով, որ ՀՀ ներքին քաղաքական գործընթացները չեն անդրադառնում գերիների հարցով բանակցությունների վրա։
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց, որ սահմանների դեմարկացիայի հարցը որևէ կապ չունի գերիների վերադարձի հետ։
«Սահմանազատումը իրավական, դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների միջև տարվող երկարատև աշխատանք է, որը կարող է ձգվել տարիներով»,- ասաց Թորոսյանը։
Նա նաև ընդգծեց տարածաշրջանում առկա լայնամասշտաբ պատերազմական գործողության ռիսկերի մասին՝ ասելով․
«Տարածաշրջանում ոչ մեկին պետք չէ լայնամասշտաբ պատերազմ, առավել ևս՝ Հայաստանին»։