Ներկայիս ժամանակավոր իշխանությունը հատկապես Կառավարության որոշումներով, փաստորեն, բաժանում է ընտրակաշառք։
Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը։
«Ինչպե՞ս է ստացվում, որ 2020 թվականի նոյեմբերին Սյունիքի, Գեղարքունիքի մարզի համապատասխան համայնքների գյուղատնտեսական կազմակերպություններին, ֆերմաներին գյուղատնտեսական սուբսիդիաներ չեն տրամադրվում, բայց դրանք տրամադրվում են 2021 թվականի մայիսի 10-ից հետո։ Ո՞նց է դա ստացվում»,- հարցրեց Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը հիշեցրեց, որ նախորդ տարիներին ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը և Վենետիկի հանձնաժողովը 2017 թվականին պահանջ էր դնում իշխանությունների առջև, որ նախընտրական շրջանում ամեն կերպ զերծ մնա թե՛ խոստումներ, թե՛ գործողություններ կատարելուց, որոնք կարող են որևէ կերպ կապ ունենալ ընտրական գործընթացի հետ։
Հիշեցնենք, որ Կառավարությունը երեկվա՝ հունիսի 4-ի որոշմամբ Սյունիքի մարզի սահմանամերձ Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն գյուղերին տրամադրեց շուրջ 40 գյուղատնտեսական մոտոբլոկներ և խոտհնձիչներ:
Ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից: