Հայաստանում նախընտրական շրջան է: Վաղը պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը: Հունիսի 20-ին ընդառաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, հայտարարում նաև կարգախոսների մասին: Armenia Today-ն այսօր անդրադառնալու է ՀՀ նախկին ու ներկա ղեկավարների գլխավորած դաշինքների ու կուսակցությունների այսօրվա կարգախոսներին: Մինչ այդ, սակայն, մի փոքր պատմական ակնարկ կատարենք՝ հիշելու նախկինում ունեցած կարգախոսները, դրանց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:
Տրամաբանական է, որ երկրի ղեկավարի թեկնածուի նախընտրական կարգախոսը պետք է լինի կարճ և ճշգրիտ, որպեսզի քաղաքացիների մոտ խորը զգացմունքներ առաջացնի: Միևնույն ժամանակ նկատենք, որ միշտ չէ, որ կարգախոսները կարևոր դերակատարում են ունենում: Մեր երկիրն այս առումով ևս բացառություն չէ: Ինչևէ, հիշենք 1991 թվականը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց 1991թ.-ին: Մեր երկրում այս շրջանում քաղաքական իրավիճակը դարձել էր խիստ խոցելի, երկիրը բախվել էր մի շարք առաջնային խնդիրների, ինչպիսիք են՝ Արցախի հարցի կարգավորումը, աղետի գոտու վերականգնումը, տնտեսության քայքայումը և այլն։ Այդ շրջանում նախընտրական քարոզարշավի գաղափարախոսությունը երկրում կայուն իրավիճակի ապահովումն էր, քանի որ առանց այդ կայունության հնարավոր չէր իրականացնել ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ ազգային ծրագրեր:
Նման իրավիճակում 1991թ. ՀՀ առաջին նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 83,4% -ը։ Իսկ արդեն 1996 թվականին նախագահական ընտրությունների նախընտրական ծրագիրը գործնական քայլեր էր նախատեսում՝ ուղղված երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի, քաղաքական և հասարակական հարաբերությունների աստիճանական բարելավմանը։ Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքեց ձայների շուրջ 51 տոկոսը: Երկու տարի անց՝ 1998 թվականին, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Հրաժարականի պատճառը ՀՀ կառավարությունում առկա սկզբունքային տարաձայնություններն էին:
Նույն թվականի մարտին ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։ 1998 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նա ստացել է ձայների 59,5 տոկոսը: 2003-ի նախագահական ընտրությունները նույնպես տեղի են ունեցել երկու փուլով, որի վերջնական արդյունքում ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին մասնակցեց «Աշխատենք միասին» կարգախոսով: Ըստ թեկնածուի, այդ ժամանակվա իր ծրագիրը, ի տարբերություն 1998-ի, շատ ավելի կոնկրետ էր ու մեծածավալ:
«Աշխատենք միասին» կարգախոսի ներքո Քոչարյանը կոչ արեց բոլորին միասին աշխատել հանուն երկրի զարգացման: Հաջորդ ընտրությունները տեղի ունեցան 2008թ.-ին, որին հետևեցին քաղաքական զարգացումներ, մարտի 1-ի իրադարձությունները: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։
2008-ին «Առաջ, Հայաստան» կարգախոսով ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը՝ հավաքելով 52,82 տոկոս ձայն:
2018 թվականի քաղաքական գործընթացները, ի տարբերություն նախորդների, առավել աչքի ընկան կարգախոսներով:
Մարտի 31–ին Գյումրու Վարդանանց հրապարակից Նիկոլ Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» շարժումը: Բողոքի ակցիաներն ավելի վաղ էին սկսվել: Բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։
Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։
Այս շրջանը հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» կրագախոսով ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՛ր», վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով։
Առաջիկայում՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, փաստացի, իրենց մասնակցությունն են ունենալու Հայաստանի երեք ղեկավարները: Թեև քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, նախընտրական շրջանն արդեն իսկ սուր ու թեժ դրսևորումներ է ստանում: Այս ընտրությունները տարբերվում են իրենց բնույթով՝ հաշվի առնելով նաև հետպատերազմյան շրջանը:
Իշխող ուժը մասնակցելու է առանց դաշինքի: Այս անգամ կառավարող ուժն ընտրապայքարի մեջ կմտնի «Ապագա Կա՛ ապագա» կարգախոսով, թեպետ, հաշվի առնելով իշխանության հայտարարությունները, կրկին գերակշռում է նախկին իշխանություններին մերժելու թեզը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրապայքարի մեջ է «Հայաստան» դաշինքով, որը քարոզարշավը կանցկացնի «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մասնակցում է ընտրություններին ու գլխավորում է «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակը: ՀԱԿ-ը ևս հայտարարել է, թե ինչ կարգախոսով է մասնակցելու ընտրարշավին: Կարգախոսը Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի վերնագրից մի հատված է՝ «Լրջանալու պահը»: Հիշեցնենք, որ 2017թ.-ի հերթական ընտրություններին ՀԱԿ-ը «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով էր մասնակցում:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ: Համագործակցության արդյունքում ձևավորվել է «Պատիվ ունեմ» դաշինքը, որի կարգախոսն է՝ «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»:
Այս անգամ դժվար է ասել, թե այս կամ այն կարգախոսը որքանով կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այս իմաստով, ինչպես արդեն նշեցինք, երևի թե բացառություն էին 2018 թվականի իրադարձությունները, որտեղ մեծ դեր ունեցան նաև կարգախոսները: