ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» նախընտրական դաշինքը քարոզարշավային իր առաջին այցը կատարել է Սյունիքի մարզի Ագարակ համայնք։
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն իր ողջույնի խոսքում նշեց՝ պատահական չէ, որ քարոզարշավը սկսում են Հայաստանի ամենահարավային կետից, որտեղ մերժվել են ազգադավները։
«Ամենալավը սյունեցին է հասկանում, թե ինչ սպառնալիքների առաջ են կանգնացրել մեզ այսօր այս իշխանությունները, ինչ է նշանակում անցնել ամեն օր թշնամու դրոշի տակով։ Սա հերթական ընտրություն չէ, սա գոյության պատերազմ է։ Մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, դա պետք է մեր երեխաների ապագայի համար»,-ասաց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ահռելի աշխատանք կա անելու, յուրաքանչուր մարդ պետք է լծվի այդ խնդիրների լուծման գործին։
«Սյունիքն այս ազգադավ իշխանության դեմ պայքարի խորհրդանիշն է։ Մենք մեր հաղթական արշավը սկսում ենք Ագարակից ու հունիսի 20-ին ավարտելու ենք Երևանում»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։