Ասում է՝ թող իրա որդուն տա, գերիներին վերցնի, որդուս մասին էլ խոսելուց՝ ասում է՝ Աշոտիկը։ Սերժի՛կ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, այ տղա՛։ Քեզ որպես պաշտոնական սուտինյոր և թրաֆիքինգի մասնագետ՝ ասում եմ՝ համաձայն եմ։ Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթին։
Նա նշեց, որ դիմում է Ալիևին, Կարմիր խաչին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին և վերջիններիս լիազորում է պաշտոնապես բանակցել այդ թեմայով։
«Հանկարծ չմտածեք, թե էմոցիոնալ բան եմ ասում, ասում եմ պաշտոնապես, գնացեք, բանակցեք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սպասում է Սարգսյանի և Քոչարյանի պատասխանին:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագան այսօր անդրադարձել էր Փաշինյանի՝ «գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի Բաքվի բանտում գերության մեջ մնալու համար» երեկվա հայտարարությանը։
Սերժ Սարսգյանը, մասնավորապես, նշել էր․ «Իրեն շատ բան է ներվել, այնքան է լկտիացել, որ նրան դա էլ է ներվելու։ Դա մա՞րդ է, խիղճ ունի՞, ինքը չի՞ հասկանում՝ այդ մարդիկ ինչի՞ միջով են անցել, ինքը հասկանո՞ւմ է՝ այդ մարդիկ ինչ վիճակում են։ Պիտի թքես այդպիսի ղեկավարի երեսին։ Թող իր երեխուն տանի տա, տեղը 20-25 ռազմագերի բերի, տեսնեմ դրանից հետո այդպե՞ս է խոսելու ռազմագերիների մասին»։