«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ի հրամանագրով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի առաջարկով, նրա նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին նշանակեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Դիվանագիտական կորպուսը, ծանոթանալով հրամանագրի տեքստին, խիստ զարմացել է, քանի որ հատուկ շեշտված է․ «Նշանակել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»: Երբեք ՀՀ բարձրագույն դիվանագիտական պաշտոնների՝ դեսպանների ու դեսպանորդների նշանակման հրամանագրերում չի նշվել ժամկետը։ Անգամ այս տարվա հրամանագրերում՝ հունվարի 27-ին Արմելլա Շաքարյանին՝ Մեքսիկայում, փետրվարի 16-ին Հրանտ Պողոսյանին՝ Ճապոնիայում և Կորեայում, մարտի 18-ին Արմեն Մարտիրոսյանին Լիտվայում դեսպան նշանակելու հրամանագրերում և ոչ մեկի դեպքում ժամկետ նշված չի եղել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում գործընթաց է սկսվել: Հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վենդետայի մասին հայտարարությունից հետո նրանք լայն թափով գործի են անցել: Բանն այն է, որ երեկ Թալինում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական ուշագրավ հայտարարությամբ՝ հերքելով ընդամենը մայիսի 28-ին ասված մեկ այլ հայտարարություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: «Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու»,– ասաց նա: Փաշինյանը զգուշացրեց՝ ամենադաժան քաղաքական վենդետա է լինելու»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել», հունիսի 20-ի ընտրությունները նրանց դարձրել են «Սարոյան եղբայրներ»։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ով այն քիչ օլիգարխներից է, որ հեղափոխությունից հետո մնաց Սերժ Սարգսյանի կողքին, «Հայրենիք»-ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար է աշխատում։ Մինչդեռ նրա եղբայրը՝ Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, մոլի քոչարյանական է եւ իր ղեկավարած համայնքի փողոցներն ու տները քոչարյանական պաստառներով է պատել։ Անգամ պետական կառույցների վրա է փակցրել։ Մեր լրագրողն այն նկատել է անգամ ջրօգտագործողների միության շենքի ճակատին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի հետ կապված դեռեւս թեժ քննարկումներ են ընթանում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների միջեւ: Բանն այն է, որ կան պատգամավորներ, որոնք այս ժամանակահատվածում շատ ակտիվորեն աշխատել են իշխանությունների համար, ամեն հարցում պայքարել են նրանց համար, բայց նախընտրական ցուցակի, կարելի է ասել ոչ անցողիկ տեղերում են հայտնվել:
Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Քրիստինե Պողոսյանի ցուցակի ոչ անցողիկ համարներում լինելու հարցը: Պատգամավոր Պողոսյանը ընտրական ցուցակի 60-րդ համարն է, իսկ Զեյնալյանը՝ 67-րդ համարը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ, 2018-ից հետո առաջինը դավանափոխ եղած գործարար Սամվել Ալեքսանյանի թիմն անորոշության մեջ է։ Նրանք չգիտեն, թե ում համար պետք է աշխատեն, որ ուժի համար «տոկոսներ խփեն»։ Մինչ այս պահը նրանց հրահանգ չի իջեցվել, ինչպես 2018-ի խորհրդարանական ընտրություններին էր, երբ հավաքում էր տղերքին, ժողով անում ու ցուցումներ տալիս, թե ով ինչ պետք է անի։ Եվ ներքին օղակների աշխատողները նաեւ այդ փուլում փող աշխատելու հնարավորություն էին ստանում։
Թիմակիցները չեն բացառում, որ Ալեքսանյանն իրեն բնորոշ հոտառությամբ հասկացել է, որ իշխանական նավը խորտակվում է, «ստրախովկա» է պահում։ Նա էլ, ինչպես շատերը, կասկածներ ունի, որ Փաշինյանի իշխանությունը չի վերարտադրվի եւ որոշել է աշխատել խիստ զգուշավոր, բացառապես ամենավստահելիների միջոցով եւ չվտանգել իր կարողությունը»: