Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության ներկայացուցիչներ Մոհամեդ ալ Շեհիին և Վիպուլ Գոյալին:
«Մասդար» ընկերությունն սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում, որն առաջիկայում կմեկնարկի «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։
Վերականգնողական էներգիայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Աբու Դաբիում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Մասդար» ընկերության միջև 2019 թվականին ստորագրվել էր համատեղ զարգացման մասին համաձայնագիր՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծեր իրականացնելու վերաբերյալ:
«Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություները կյանքի են կոչվում: «Ներդրումներ և փոխգործակցության նոր ծրագրեր ենք ակնկալում նաև մյուս՝ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լոգիստիկայի և այլ ոլորտներում: Մեր երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը: