Այսօր «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում ,որպես ՀՀ քաղաքացի ներողություն խնդրեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործած բառամթերքի համար։
«Ես, որպես ՀՀ քաղաքացի ամաչում եմ, որ Հայաստանը երբեւէ կառավարած եւ Հայաստանը կառավարող քաղաքական լիդերները այսպիսի տոնայնությամբ, շեշտադրումներով, վիրավորանքներով այսպիսի տրամադրվածությամբ քարոզարշավ են իրականացնում»։
Ըստ նրա՝ մենք պետք է իսկապես սթափվենք լսելու այդպիսի տրամադրվածությամբ մարդկանց, որովհետեւ այդպիսի քարոզչությունը բերել է մի համոզման, որ դժբախտաբար նրանք կորցրել են բանականության եւ բարոյականության թույլատրելի կամ հատելի սահմանը: «Ինձ համար ընդհանրապես անընդունելի եւ դատապարտելի է հայ ժողովրդի հետ նման շեշտադրումներով խոսելը: Իրենք բավականին ժամանակ ունեին՝ 20 եւ ավելի տարիներ այդպիսի առոգանությամբ արդյունավետ կառավարում իրականացնելու, որի արդյունքում մենք այսօր կունենայինք որակապես այլ պետություն, այլ հասարակություն, անվտանգային միջավայրը այլ կլիներ:
Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը, նրանց օգտագործած բառամթերքը անհասկանալի ու դատապարտելի է, բայց ես հիմա իմ խոսքն ուզում եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նիկո՛լ, դուք պաշտոնապես զբաղեցնում եք ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի աթոռը»։
Ըստ Նորիկյանի, մեր հայրենակիցները պետք է սթափ գնահատեն իրավիճակը, որովհետեւ ցանկացած պահի փոխադարձ քաղաքական կրակոցները, այս հրաձգությունները կարող են վերածվել անվերահսկելի մի գործընթացի, որը լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել հետընտրական պրոցեսում»: Նորիկյանն ասաց, որ «Արդար Հայաստանը» գալիս է կարգուկանոն հաստատելու, ազգային համերաշխություն ու հանդուրժողականություն բերելու մեր ազգին ու պետությանը. «Ցանկացած խնդիր պետք է լուծենք համերաշխության մթնոլորտում»: