ԱՊՀ – ի մասնակից պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը տեղի կունենա հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«2021 թվականի հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նիստին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները:
Զինված ուժերի պատվիրակությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության շուրջ եւ կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմական համագործակցության հարցերի համալիրը: