Սպիտակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած տեսանյութի մասին։
Նա ասաց, որ տարակուսած է՝ Սերժ Սարգսյանն իրեն ուզում էր օգնե՞լ, թե՞ վնասել։
Փաշինյանի խոսքով ՝ այդ տեսանյութի բովանդակությունը լիովին լուսաբանում է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի լուծման մասին։ Տեսանյութի բովանդակությունը համապատասխանում է այն թեզին, ինչը հնչեցրել է Փաշինյանը՝ տարբեր հարթակներից։
«Միջնորդները Հայաստանին պայման են ներկայացրել հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ հարցն այսպես էր դրված․ նախկինում գործում էր «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, 2016-2018 թվականները ձևակերպվեց «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց բանաձևը»։ Մենք 2018 թվականին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի վիճակում, երբ բանակցային սեղանին դրված է եղել «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց բանաձևը»,- ասաց Փաշինյանը։
Այդ պահի դրությամբ գլխավոր խնդիրը եղել է այն, որ միջնորդներն ըստ էության՝ զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը ինչ Ադրբեջանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով տեսագրության հրապարակումը հնարավորություն է տվել բացել այդ ձայագրությունն ամբողջությամբ, ինչի համար երեկ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին։