ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարներն ազատման դիմումներ են գրել, այս պահին դրանք բավարարվել են մասնակի: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը:
Նա ևս հրաժարականի դիմում է ներկայացրել, բայց իր դիմումը դեռևս չեն ստորագրել։
Նրա խոսքով ինքը նույնպես նույն պատճառով է հրաժարական տվել, ինչ գործընկերները՝ միաժամանակ նշելով, որ հրաժարականի դրդապատճառները հայտնի են։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ պատճառաբանությամբ են հրաժարական տվել, ԱԳ փոխնախարարը, սակայն հարցին հստակ պատասխան չտվեց։
Արմեն Ղևոնդյանի խոսքով Արտաքին գերատեսչությունը 30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի շահերի իրականացման:
Հիշեցնենք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Արա Այվազյանը։
Որոշ ժամանակ անց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնել էին, որ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Հունիսի 8-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել էր երեք փոխնախարարներին՝ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին ազատելու որոշումները: