Չի կարող ԱԳՆ-ն մնալ առանց որևէ պաշտոնակատարի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի ստորագրել ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանի հրաժարականի դիմումը։
Անդրադառանալով ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականի ենթատեսքստին, նա նշեց, որ մայիսի 12-ից սկսած գրեթե ամենօրյա ռեժիմով իրենք ունեցել են Անվտանգության խորհրդի նիստեր ու ԱԳ նախարարն այդ նիստերին ի պաշտոնե մասնակցել է:
Ավինյանի խոսքով՝ ԱԽ նիստերին կայացված որոշումները եղել են ԱԳ նախարարի մասնակցությամբ:
Փոխվարչապետը չմեկնաբանեց, թե արդյոք Այվազյանը Նիկոլ Փաշինյանի՝ զորքերը հայելային տարբերակով հետ քաշելու և միջնորդներ տեղակայելու առաջարկի մասով է անհամաձայնություն ունեցե՞լ։
Հիշեցնենք՝ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը տեղեկացրել է, որ ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարականի դիմում են գրել, այս պահին սակայն, դրանք բավարարվել են մասնակի։