Համար մեկ խնդիրն ինձ համար եղել է աշխատատեղերի ստեղծումը։ 1998 թվականին երկիրն այնպիսի վիճակում էր գտնվում, որ գործազրկությունը համատարած էր և տագնապալի ծավալներ ուներ։
Այս մասին Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ նախագահության երկրորդ ժամկետում գործազրկությունն արդեն այդքան մեծ խնդիր չէր՝ Երևանում և մի շարք քաղաքներում հատկապես արդեն խնդիր չէր։ Իսկ իմ նախագահության վերջին տարիներին միգրացիոն սալտոն դրական էր և 3 տարի անընդմեջ մենք ավելի շատ ներհոսք էինք ունենում, քան արտահոսք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ հիմա արտահոսքը հասնում է մեծ ծավալի՝ վերջին 4 ամիսներին 80 000 մարդ հեռացել է Հայաստանից։
Այսօր, Քոչարյանի խոսքով ներդրումներ ուղղակի չկան, կարող ենք ներդրումների զրոյացում արձանագրել, իսկ սա նշանակում է, որ աշխատատեղեր են փակվելու, նորերն էլ չեն բացվելու։