Այսօր սկզբունքների և գաղափարների պայքարի փոխարեն քաղաքական ուժերը շահարկում են մարդու իրավունքներին, արժանապատվությանն ու բարոյականությանը վերաբերող հարցեր։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախընտրական ցուցակի 3-րդ համար Նարինե Դիլբարյանը։
Նա իրավիճակը թեժացնելու միտումներ է նկատում։
«Պատերազմից հետո շատ թարմ վերքեր կան, գերիների խնդիրը դեռ արնածոր է, ուստի, արհեստականորեն այդ հարցը չպետք է շահարկել։ Ես կարծում եմ ՝ գերիներին, սեփական երեխաներին, ընտանիքը շահարկել չի կարելի, և այն կարող է մեզ բերել շատ վտանգավոր հանգրվանի։ Պետք է հասկանալ՝ քարոզարշավը տրամադրությունների բևեռացման և երկիրը քաղաքացիական բախումների տանելու համար չէ։ Բարձր է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության խնդիրը՝ չհրահրելու բախումներ, անընդհատ հախուռն մեղադրանքներ չհնչեցնել, որովհետև թեժացման դեպքում մենք կարող ենք սահմանադրական ընտրությունների փոխարեն ունենալ հակապետական բախումներ»,- նկատեց նա։
Նարինե Դիլբարյանը մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ արեց հարգել միմյանց, խոսել միայն ճշգրտված փաստերով և չհրահրել քաղաքացիական պատերազմ, քանի որ ներսում չունենք թշնամիներ, թշնամին դրսում է։
Մանրամասները՝ տեսանյութում․