Բացառված է ԲՀԿ-ի և իշխող ուժի միջև կոալիցիայի ձևավորումը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
«Կրկնում եմ՝ բացառված է, որ մենք ինչ- որ կոալիցիաներ կազմենք, իսկ ով տարածում է այդ լուրերը, գլուխը պատին է տալիս։ Այս ամենի նպատակը մեկն է՝ մեր ձայներից փախցնեն՝ ցույց տալով, որ մենք գնում են համագործակցության այն ուժի հետ, որի հրաժարականը մենք ամենառաջինն ենք պահանջել։ Ովքեր հավատում են այդ խոսակցություններին, խորհուրդ կտամ հիշել, որ դեռ 2020 թվականի հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը պահանջեց, որ այս իշխանությունը հեռանա։ Ժողովուրդ ջան մի հավատացեք այդ խոսակցություններին։ Դա բոլորիս, այդ թվում՝ նաև Գագիկ Ծառուկյանի սկզբունքային որոշումն է»,- նկատեց Արման Աբովյանը։
Նրա համոզմամբ՝ ԲՀԿ-ն ընտրություններում հաղթելու է և Կառավարություն ձևավորելու։
Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա՞ իր ակնկալած 60 տոկոս քվեն, Աբովյանն արձագանքեց՝ «Շատ բան են ակնկալում, բայց հակառակն է ստացվում։ Ինչ իրենք ակնկալում են, ուղիղ հակառակն է լինում»։
Անդրադառնալով շրջանառվող այն տեղեկությանը, թե ԲՀԿ-ի անունից հանդես եկող կանայք փորձել են ընտրակաշառք առաջարկել, Արման Աբովյանը պարզաբանեց, որ այս տարբերակով փորձում են վարկաբեկել հիմնական խաղացողներին, իսկ ԲՀԿ-ն հիմնական հավակնորդներից է։
«Մենք ընտրակաշառք չենք բաժանում և չենք բաժանելու, մենք հարգում են մեր ընտրողներին»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․