ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը:
«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո՝ նոյեմբերի վերջին, Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է, այդ ընթացքում: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում՝ հայհոյե՞լ ենք, թե՞ ոչ։ Բա ի՞նչ անեինք, գովեինք, ասեինք ապրե՛ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնե՞լ եք, որ 5000 զոհ եք տվել, մալադե՞ց: Ես տևական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին, որտեղ ինքն աշխատել է իր պարտականությունները շատ նորմալ կատարել է, բայց չեք կարծո՞ւմ, որ ծիծաղելի է, որ իր համերկրացին, ումից այդքան պաշտոններ ու կոչումներ է ստացել, զանգահարում է ինձ և իր անհամաձայնությունն է հայտնում, այսպես կոչված, մարդուն, ով ինքն իրեն հռչակել է գերագույն գլխավոր հրամանատար»,-նշեց Սերժ Սարգսյանը:
Վերջինս շեշտեց, որ կարևորն, այնուամենայնիվ, այն է, թե Նիկոլ Փաշինյանն ու ՕՆիկ Գասպարյանն ինչպիսի փոխհարաբերություններ են ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ, որի արդյունքում, նրա խոսքով՝ մենք գնացել ենք կարծես կանխամտածված պարտության։
«Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է իր ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել՝ կերևա հետագայում, երբ որ մենք հետաքննություն անցկացնենք, իսկ հետաքննություն մենք անցկացնելու ենք»,-նշեց նա:
Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ իր և Օնիկ Գասպարյանի հեռախոսային խոսակցությունը վերաբերել է Սյունիքին. «Ասաց՝ Սյունիքում եմ, այստեղ դժվար իրավիճակ է, ես հարցնում եմ՝ ի՞նչ դժվար իրավիճակ է, բառացի չեմ ասում, բայց ասում է, կարծեք թե ավելին պետք է հանձնենք, քան հանձնել ենք։ Ես էլ ասել եմ՝ մի՛ արատավորի գեներալի քո պագոնները, որևէ կերպ պետք չէ նպաստել այն որոշումները կայացնելուն կամ գործողություններն իրականացնելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի կողմից ստորագրված փաստաթղթում»: Ասել եմ՝ մի՛ արատավորի գեներալի քո պագոնները.
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում կայացած հանդիպման ժամանակ պատմել էր, որ իրեն հայտնի է եղել Օնիկ Գասպարյանի և ՀՀ երրորդ նախագահի զրույցի բովանդակության մասին:
Նա նշել էր, որ նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել է մի շարք շրջանակների հետ, ճանապարհին հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ ու ընթացքում իր հասցեին վերջին խոսքերն են ասվել: Փինյանը նշել էր նաև, որ դրանից հետո Սերժ Սարսգյանի և Օնիկ Գասպարյանի միջև հանդիպելու պայմանավորվածություն է եղել: