«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության հաջորդ կանգառն այսօր կլինի Սյունիքի մարզում։ Ապրիլին այստեղ Փաշինյանը «բուռն» ընդունելության արժանացավ, իսկ ավելի վաղ՝ առհասարակ չկարողացավ մուտք գործել Սյունիք։ Ուստի որոշել են ամեն ինչ անել նման հեռանկարը կանխելու համար եւ հնարավորինս մեծ թվով աջակիցների են մոբիլիզացրել։ Փաշինյանի հետ մոտ 2 հազար շրջիկ աջակից է Սյունիք մեկնելու, մոտ հազար ոստիկան, Սյունիքի բոլոր կառույցները ոտքի են ելել․ մարզպետարանում մի քանի օր է իրարանցում է , բառացիորեն տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների ղեկավարներին, որ կոլեկտիվներով, ընտանիքներով ներկա գտնվեն Փաշինյանի հանդիպումներին, հակառակ դեպքում՝ հրաժեշտ կտան պաշտոններին»:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին իր դժգոհությունն էր հայտնում՝ կապված Նիկոլ Փաշինյանի վարքագծի հետ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում էր հանգստացնել նրան։ Տեղեկություններ կան, որ Գասպարյանն անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն դրան հետագա ընթացք չի տրվել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում դժգոհության՝ նման ու ավելի սուր դեպքերը բազմաթիվ են. բանն այն է, որ Փաշինյանի թիմակիցներն այլևս ի վիճակի չեն տանել նրա քմահաճույքներն ու հենց թիմակիցների նկատմամբ կոպիտ, անհավասարակշիռ պահվածքը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարություն տարածեց, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին։ Բացի այդ, նրա մտերիմ մարդիկ ներգրավված են Քոչարյանի նախընտրական կամպանիայում։ Ցուցակի 23-րդ համարը վարչապետ Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է, որը նրա ստեղծած ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարն էր, իրավաբան Արամ Վարդեւանյանը Կարապետյանի գլխավոր օգնականն էր։ Նրա մեկ այլ խորհրդական՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականի երկարամյա ղեկավար Շուշան Սարդարյանն էլ Քոչարյանի շտաբի մամուլի ծառայությունն է համակարգում։ «Հայաստան» շարժման օգտին է աշխատում նաեւ Կարապետյանի սանիկ Արսեն Հարությունյանը՝ Ջրային տնտեսության կոմիտեի նախկին նախագահը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բուջեի ծախսերը կատարելու համար կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանը 1 մլրդ 370 մլն դոլարի պարտք է կուտակել։ Տնտեսության վիճակը վատ է, պարտքն էլ ավելանում է, եւ դա ծանր բեռ է լինելու։ Ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը հասել է շուրջ 8 մլրդ 773 մլն դոլարի։ Այդ գումարից 1 մլրդ 370 միլիոնը ձեւավորվել է միայն վերջին 1 տարվա ընթացքում։ Գրեթե 29 տարվա ընթացքում Հայաստանը ընդհանուր առմամբ կուտակել էր 7 մլրդ 403 մլն դոլարի պարտք, իսկ միայն վերջին 1 տարում այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտքն ավելացրել է 1 մլրդ 370 մլն դոլարով։ Ընդ որում, աճում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը»։