ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով գտնվում էին Վաշինգտոնում, հաղորդում է Արդարադատության նախարարությունը։
Այցի շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթի, Պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Լորա Կուպերի, պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի և նրա Եվրոպայի հարցերով տեղակալ Վենդի Սիլվերմանի հետ։
ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել 2020 թվականի համավարակի և ապա պատերազմի դժվարությունների պայմաններում բարեփոխումների ընթացքի շարունակությունն ապահովելու կառավարության ջանքերը, ինչպես նաև արդեն իսկ արձանագրված արդյունքները։
ԱՄՆ կողմը նշել է, որ տարածաշրջանում այլ պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը մինչ այս արդեն իսկ վերհանել է կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար ընդհանրական մարտահրավերներ, սակայն Հայաստանի դեպքում արձանագրել են քաղաքական ուժեղ կամքի առկայությունը ժողովրդավարական, կարող հաստատություններ ձևավորելու առումով։