Արցախյան 44-օրյա պատերազմը գուցե չլիներ, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի գործողությունները:
Այս մասին հունիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ վերջին երեք տարիների ընթացքում արտաքին քաղաքականության սարսափելի ձախողումները հրահրել են պատերազմ, որը հանգեցրել է մարդկային, աշխարհաքաղաքական, մշակութային, պատմական և տնտեսական հսկայական կորուստների:
«Երկրի քաղաքական ուժերը գնում են ընտրությունների՝ ունենալով մեկ նպատակ՝ փրկել երկիրը, որին այս կապիտուլյանտը տարել է փակուղի: Եվ որքան էլ նա «կապիկություններ» անի՝ շահարկելով հասարակական կարծիքը, մարդիկ արդեն այլ կերպ են մտածում. նրանք արդեն դուրս են եկել հուզական էյֆորիայից և հիանալի հասկանում են, որ 2018-ին իրենց խաբել են և շարունակում են խաբել այսօր»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նախկին Պաշտպանության նախարարը շեշտեց, որ Արցախի հարցը մնում է բաց և դրա կարգավիճակի որոշումը անմիջականորեն կապված կլինի Հայաստանի անվտանգության խնդրի հետ: Նա հավելեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը, որում ընդգրկված է նաև ՀՀԿ-ն, ունի լավ միջազգային կապեր, ինչը թույլ կտա Հայաստանին արագ վերականգնել հարաբերություններն իր արտաքին գործընկերների հետ: