Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Հայաստանի իշխանությունների դեմ հերթական բացահայտումն է արել։ Telegram-ի իր ալիքում նա փաստաթղթի լուսանկարներ է հրապարակել, որը նրա խոսքով, Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպման հաշվետվությունն է:
«Դրանում գերմանացի դիվանագետը վերապատմում է ՌԴ նախագահ Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Մերկելի զրույցի բովանդակությունը։ ՌԴ նախագահն այնքան է զարմացել հոկտեմբերի 10-ին Նիկոլի կողմից հրադադար հաստատելու մերժումից, որ անհրաժեշտ է համարել այդ մասին պատմել», – գրել է Մինասյանը։
Նշենք, որ հրապարակված փաստաթղթում տեքստի մեծ մասը փակված է։
Գերմանացի ներկայացուցիչը պատմում է 2020թ.-ի դեկտեմբերի 7-ին Գերմանիայի կանցլերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին՝ տեղեկացնելով, որ վերջինս մանրամասն պատմել է Արցախում մարտական գործողությունների դադարեցման ջանքերի մասին:
«Բնականաբար Պուտինը լավ հասկանում է, որ ֆրանսիացիները փոքր-ինչ «նեղացած» են այն պատճառով, որ նրանք ի սկզբանե մասնակցել են գործընթացին, սակայն վերջին քայլերն իրականացվել են առանց Ֆրանսիային տեղեկացնելու», – փաստաթղթում մեջբերվում է Գերմանիայի ներկայացուցչի խոսքը:
«Միեւնույն ժամանակ Պուտինը նշել է, որ իր մոտ մեծ զարմանք է առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, չի համաձայնել փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, երբ արտգործնախարարների մակարդակով պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Բացի այդ, եղել են նաև արյունահեղությունը դադարեցնելու այլ հնարավորություններ, որոնցից հայկական կողմը չի օգտվել», – ըստ փաստաթղթի՝ հայտնել է գերմանացի ներկայացուցիչը։
Միեւնույն ժամանակ գերմանացի պաշտոնյան նշել է, որ «որքան էլ այսօր Հայաստանում քննադատություն հնչի, իրականում հեշտ չէր լինի տարածքների վերադարձը խաղաղ պայմաններում»։
Միքայել Մինասյանի խոսքով, «ԱԳՆ-ն եւ վարչապետի աշխատակազմը նման փաստաթղթեր են ստացել մի քանի եվրոպական մայրաքաղաքներից»: «Ինչպես դրանց գոյությունը, այնպես էլ դրանց բովանդակությունը բացարձակապես գաղտնի է», – նշել է նախկին դիվանագետը: