ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պատերազմում անհետ կորած համարվող՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողների իգական սեռի հարազատներին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչն իր կողմից «Facebook.com» համացանցային կայքում նախկինում բացված՝ «Arman Armeni Xachatryan» օգտանունով անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ:
Այնուհետև՝ 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, ովքեր համացանցային կայքում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել։
Տղամարդը, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ տալով, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերևարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը:
Օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: