«168.am-ը գրում է․ «168-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզում հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մոբիլիզացված է եղել ամբողջ վարչական ռեսուրսը, մասնավորապես՝ մարզի կրթական հաստատությունները:
Մեր խմբագրություն ահազանգած աշխատակիցների խոսքով՝ ուղիղ հրահանգը դպրոցի տնօրեններին եղել է Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի կողմից, ով նույնպես այդ ժամին աշխատանքի էր ու հենց դրա համար է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանում, կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար:
Վերջինս շրջել է գյուղերով, մասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին կրկին աշխատանքային ժամին ու հընթացս մարդահաշվարկ ու ներկա-բացակա կատարել՝ հավանաբար հետագայում արդեն իսկ հնչեցրած սպառնալիքն իրագործելու համար: Մենք նաև լուսանկար էինք հրապարակել, որն արված էր հենց Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզում քարոզարշավ իրականացնելու օրը: Դրանում ձախից աջ պատկերված են Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, կողքին՝ մարզի Դաշտ գյուղի տնօրեն, ԲՀԿ-ական Սիրանուշ Սահակյանն է, իսկ երրորդը Սոնյա Բուդաղյանի ընկերուհին է՝ 2019թ. սկանդալով Էջմիածնի թիվ 3 դպրոցի տնօրեն դարձած Գրետա Անդրեասյանը: Մեր տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 15-ին, օրվա 2-րդ կեսին, Արմավիրի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին շտապ կանչել են մարզպետի մոտ։
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ օրերս մեկնել է Մոսկվա և այնտեղ հանդիպումներ ունեցել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք զոհվածի եղբայր, անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանին: Նա հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ իրենք Մոսկվայում մի շարք հանդիպումներ են ունեցել, իսկ թե կոնկրետ ում հետ, հրապարակելը նպատակահարմար չհամարեց:
«Արա Աբրահամյանը մեզ խոստացել էր հանդիպումներ կազմակերպել, ինչն իրականացրեց: Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ինչպես մեր գերեվարված զինվորներին վերաբերող, այնպես էլ մի շարք այլ հարցեր: Նպատակը մեկն է՝ պետք է ճանապարհ գտնել տուն վերադարձնելու այն գերիներին, որոնց տվյալները հաստատված են, պետք է գործընթացն արագացնել: Այս հարցում տարբեր ուղղություններով մեզ խոստացել են օգնել: Բոլոր հանդիպումներին ծնողներն անձամբ են մասնակցել»,-եզրափակում է Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ այցի կազմակերպման, այդ թվում՝ կեցության բոլոր ծախսերը հոգացել է Արա Աբրահամյանը»:
«Հրապարակ»–գրում է․
«Ընտրություններից առաջ, շատերի պես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ է անում քայլեր, որպեսզի հնարավոր իշխանափոխությունից հետո իրեն ապահովագրի։ Պատմում են, որ նա 3 մասի է «կիսվել», ավելի ճիշտ՝ նրա շրջապատը երեք ճակատի է բաժանվել։ Մեկին ուղղորդել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին աջակցելու, մյուսին՝ Սերժ Սարգսյանի եւ Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ին, երրորդ ճակատում էլ աշխատում են Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանության օգտին։ Այս թեւում հատկապես ակտիվ է ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը։
Քաշաթաղի նախկին ղեկավար Ռուսլան Խաչատրյանն էլ ընդդիմադիր թեւերից մեկի հետ կապն է համակարգում, թե որ մեկի՝ չհաջողվեց պարզել։ Իսկ թե ինչպես է դրսեւորվում ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը, ասացին՝ «տեղահանված արցախցիներին «խրախուսում» են, որ նրանք էլ իրենց բարեկամների ու ծանոթների մոտ ընդդիմության լոբբինգն անեն»,-գրում է թերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին քննարկել է նաեւ այն հարցը, որ պետք է ամեն ինչ անել կրթական համակարգի կարկառուն ներկայացուցիչներին եւ մտավորականներին համոզել իրենց ընտրելու համար: Բանն այն է, որ իշխանությունը շատ լավ տեղյակ է, որ համալսարանների դասախոսական անձնակազմը, գիտական, կրթական համակարգը իրենց դեմ է ու իրենք շանսեր չունեն այդ հատվածից ձայներ հավաքելու համար: Մտավորականների մեծ մասն էլ կտրականապես մերժել են իշխանության հետ որեւէ հաշտության եզրեր գտնել, նրանց կողքին լինել կամ ընդհանրապես ձայն տալ նրանց թիմին: Ու այս ամենը շատ լավ գիտակցելով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում փորձում են նրանց հետ փակ հանդիպումներ, քննարկումներ ունենալ, համոզել իրենց կողքին լինել: Ի դեպ, դպրոցներում, տարբեր քոլեջներում եւս իշխանությունները խնդիրներ ունեն անձնակազմների հետ, նրանք եւս դեմ են արտահայտվում իշխանություններին:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։