Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմը հակառուսական քաղաքականություն է վարում։
Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը ։
«Վերջին երեք տարիներին Փաշինյանի թիմը հետևողականորեն փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իսկ երբ պատերազմ եղավ, դրանից հետո նրանք հասկացան, որ Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է և Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Ղարաբաղում դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Հիմա Փաշինյանն ու իր թիմը փորձում են ցույց տալ, որ իրենք միշտ եղել են Ռուսաստանի դաշնակիցները, Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեն», – ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ նշվածը կարելի է միայն գործով ապացուցել։
Նրա խոսքով անարդար կլիներ ասել, որ Փաշինյանը հիմա հակառուսական արշավ է վարում։
«Դրանով զբաղվում են նրա արբանյակները։ Փաշինյանին պաշտպանող ուժերը երկրի ներսում հակառուսական արշավ են իրականացնում, ինչն ուղղակի անթույլատրելի է», – հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրենը։