«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:
Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.
1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:
Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,- գրել է նա։