«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանության վերնախավը վերջին օրերին ամեն ինչ արել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս միանա իրենց քարոզարշավին ու անպայման ելույթներ ունենա: Ըստ մեր տեղեկությունների՝ բավականին երկար ժամանակ տարբեր մասնագետներ են աշխատել Միրզոյանի հետ, որ նա նախ հանրության հետ սկսի շփվել, փողոց դուրս գալ, ապա խոսի: Նշենք, որ նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու համաձայնագիր է ստորագրել, խորհրդարանի հարակից տարածքում Միրզոյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծի էին ենթարկել»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Արարատի մարզի Ավշար համայնքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանի այցի նախորդ գիշերը «Հայաստան» դաշինքի պաստառի վրա անհայտ անձինք ներկ են լցրել, ավշարցիները, առավոտյան տեսնելով դա, փակել են գյուղ մտնող ճանապարհը եւ հայտարարել, որ Փաշինյանին չեն թողնելու գյուղ մտնել։ Կարմիր բերետավորներ են ժամանել գյուղ, որ իրավիճակը հարթեն, բայց գյուղացիները հաստատակամ են եղել եւ պահանջել են պաստառը փոխել՝ հակառակ դեպքում իշխանական շարասյունը չի մտնելու գյուղ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մինչ իշխանությունը, մրցակիցներին մուրճով վախեցնելով, քարոզարշավ է իրականացնում, երեկ ադրբեջանական 9 զինծառայող գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը եւ նոր ծնված հորթը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը, ապա ներկայացրել տեղի ունեցած դեպքից որոշ մանրամասներ: Պատգամավորն ահազանգում է՝ ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի եւ այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելու մասին տարիներ շարունակ թմբկահարող, նախկին քրեաօլիգարխիկ բարքերի դեմ պայքարի առաջամարտիկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում գործարար և օդիոզ դեմքերի պակաս չկա։ Ցուցակի 11-րդ համարը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եղբայրն է՝ Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանը, ով «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ռոբերտ Մանուկյանի քաջագործություններին 2 տարի առաջ մամուլն անդրադարձել է․ 2019-ին եղբոր՝ Շշի Մելոյի դեմ մահափորձից րոպեներ անց նա դեպքի վայրից փախցրել էր եղբոր ավտոմեքենան՝ չենթարկվելով ոստիկանների հրամանին, և միայնակ ծեծի էր ենթարկել 6 ոստիկանի։ Նրան ձերբակալեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակեցին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ մեզ հետ զրույցում չթաքցրեց իր ուրախությունը, որ որդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը, այլևս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ, ընդգրկված չէ ՔՊ նախընտրական ցուցակում։ Արդյոք Ձեր սկանդալային գրառո՞ւմն է դեր խաղացել որդուդ դուրս մնալու հարցում․ հիշեցնենք, որ Զոլյանը պատերազմից հետո Փաշինյանի մասին գրել էր. «Վաղն իր գժի թուղթը կհանի և որպես անմեղսունակ՝ պատասխանատվությունից կազատվի»։