Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի՝ Գլխավոր դախազության հասցեին հնչեցրած հայտարարությանը։
Ըստ Աշոտյանի՝ Դատախազությունն իջեցրել է հրահանգ իր բոլոր ստորաբաժանումներին, և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր համայնքների, մարզերի ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետերի, դպրոցների տնօրեններիուղղորդումներ իրականացնելու վերաբերյալ:
Գոռ Աբրահամյանն այս հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է համարում և նշում, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի և ակնհայտորեն հետապնդում է ընտրական հանցագործությունների դեմ պայքարում դատախազության նկատմամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու նպատակ:
«Ի սկզբանե, ընտրությունների օրինականության երաշխավորման պատասխանատվությունը ստանձնելու և այդ մասին բազմիցս հրապարակավ հայտարարելու, դրանից բխող նախազգուշացումներով հանդես գալու պայմաններում դատախազությունը չէր կարող ու չի կարող իրեն թույլ տալ նման հանցավոր վարքագիծ:
Պահանջում ենք ՀՀ դատախազության անունը անհիմն կերպով չօգտագործել սեփական քաղաքական քարոզչական հնարքներում և զերծ մնալ վերջինիս կողմից որդեգրած՝ բացարձակ քաղաքական չեզոքության և զսպվածության հստակ և անշեղ ուղեգիծը ստվերելու փորձերից:
Եթե պարոն Աշոտյանը տիրապետում է կոնկրետ տվյալների, ապա խորհուրդ ենք տալիս անորոշ և ընդհանրական հայտարարություններ անելու փոխարեն հրապարակել դրանք: Վստահեցնում ենք՝ իրավական գնահատականը չի ուշանալու»,- Facebook-ի էջում պարզաբանում է տարածել Աբրահամյանը։