Երեկվա և այսօրվա դրությամբ մեր առաքելության դիտորդներն էական թերությունները չեն հայտնաբերել։ Անդրադառնալով Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին՝ այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին։
Նա նշել է, որ բուն ընտրական գործընթացը համապատասխանում է օրենսդրության նորմերին։
«Այսօր մենք դիտարկել ենք քվեարկության մեխանիզմները, որոնք, իհարկե, որոշակի տեխնիկական հարցեր են առաջացնում»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ կան տեխնիկական հարցեր, որոնք օրենսդրությամբ կանոնակարգված չեն։ Իգոր Կոմարովսկի դիտարկմամբ՝ նշված խնդրի պատճառը վերջին փոփոխություններից հետո առկա փոքր ժամանակահատվածն էր։
«2015 թվականից, երբ գործողության մեջ է դրվել ներկայիս օրենսգիրքը, 15 անգամ փոփոխություններ և լրացումներ են կատարվել։ Վերջին փոփոխությունները կատարվել են անցած տարվա ապրիլին։ Դա բավական փոքր ժամկետ է», – ասել է գործակալության զրուցակիցը։