Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ երեկ, ինչո՞ւ կանխատեսումները չիրականացան՝ պատասխանեց․
«Պարզապես հոսանքն է անջատվել Հայաստանի մի շարք քաղաքներում, ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Ապարանը, Արթիկն ու Դիլիջանը»։
Մեր դիտարկմանը, թե իշխանությունը շտապել է հոսանքի անջատման մեջ մեղադրել ընդդիմությանը՝ նշելով, որ նախկինները հին ու ծանոթ մեթոդներով քվեաթերթիկների լցոնումներ են կատարել՝ ազդելով ընտրությունների արդյունքի վրա՝ Բադալյանն ասաց․
«Հոսանքի անջատման գործընթացը եղել է Վրաստանից, իսկ այդ երկրի վրա շատ այլ երկրներ ունեն ազդեցություն։ Հաստատ Հայաստանի ընդդիմությունը չէ։ ՀԷՑ-ը տեղեկացրեց,որ ՀՀ էներգետիկ համակարգը անջատման հետ առնչություն չունի»,-նշեց Բադալյանն՝ ավելացնելով, որ պատահական չէ հենց այդ քաղաքների հոսանքազրկումը․
«Որտեղ «Հայաստան» դաշինքը առավել շատ ձայներ կարող էր հավաքել, այնտեղ էլ եղել է անջատում։ Չէր կարող լույսն անջատվել Սյունիքում, քանի որ տարօրինակ կլիներ, եթե հյուսիսային քաղաքներում չանջատվեր, իսկ Սյունիքում անջատվեր։ Մանավանդ, որ Սյունիքում այդքան մեծ «նկարչության» հնարավորություն չկար»,- ընդգծեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգը նշեց, որ «Հայաստան» դաշինքը պետք է ապացուցի, որ անջատումն ազդել է ընտրությունների արդյունքի վրա, եթե ոչ, ապա կվերածվի շարքային ընդդիմության։
Անդրադառնալով ՔՊ-ի՝ միանձնյա կառավարություն ձևավորելու կասկածներին, որոնք հնչեցրել են ռուսական ԶԼՄ-ները, մասնագետն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում ճշմարտությանը։
«Չանցնողների ձայները՝ մոտ 20%, ևս բաշխվելու են ընդհանուր արդյունքների վրա։ Հետևաբար Փաշինյանը կարող է միանձնյա ղեկավարել՝ լրացնելով այս պահին պակասող 0,08 %-ը»,- նշեց նա։
Բադալյանի խոսքով՝ եթե ապացուցվի էլեկտրամատակարարման դադարեցման ազդեցությունը քվեարկության վրա, ապա տվյալ տեղամասերում քվեարկությունն անվավեր կճանաչվի և համապատասխան ընթացակարգով նոր ընտրություններ կկազմակերպվեն։
Արաքսյա Սնխչյան