ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքին և Facebook-ի էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, 2018թ. հեղափոխությամբ իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և դրանից հետո մենք միշտ խոստացել ենք, որ թույլ չենք տալու ժողովրդին օտարել ընտրության իրավունքից: Կիրակի օրը կայացած ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով Հայաստանը հերթական խոշոր քայլը կատարեց դեպի ժողովրդավարություն՝ արտահայտելով իր վճռական կամքն առ այն, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովուրդին և դա այլևս անշրջելի իրողություն է: Ժողովրդի ազատ կամարտահայտությամբ տեղի ունեցած ընտրությունները խորհրդանշում են ժողովրդավարության փայլուն հաղթանակը և մարմնավորում են 2018թ. հեղափոխության գործնական հաջողությունը: Այս ընտրությունները միաժամանակ պետք է վերածվեն հանրային համերաշխության, որի վրա էլ պիտի կառուցենք մեր ազատ և ժողովրդավարական պետության վերնաշենքը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության արդյունքներով խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը։