Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը։
«Նիկոլ Փաշինյանը կգլխավորի նոր ձևավորված կառավարությունը, նա ստացել է ՀՀ քաղաքացիների մանդատը՝ երկիրը որպես վարչապետ ղեկավարելու համար։ Մաղթում եմ նրան հաջողություններ, համբերություն և անձնվիրություն այս պատասխանատու պաշտոնում: Քաղաքական կայունությունը հատկապես կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար անցած պատերազմից հետո, մենք աջակցում ենք խաղաղ, անվտանգ և կայուն պետությունում ապրելու հայ ժողովրդի ձգտմանը»,-նշել է նախագահը:
Գիտանաս Նաուսեդան կարեւորել է Հայաստանի ազգային անվտանգության և ինքնիշխանության պահպանումը, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ու հասարակության միավորման անհրաժեշտությունը՝ ի շահ պետության:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ տվյալներով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92 տոկոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոս, «Պատիվ ունեմ»-ը՝ 5,23 տոկոս։