Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:
«Անկեղծ ասած, անկախ արդյունքներից, մեր նկատմամբ հանրության կողմից վստահությունից, թույլ տվեք ասել, որ կարևոր եմ համարում պատմական այս շրջափուլը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համատեքսում՝ մեր ժողովրդի կողմից արտահայտված իրական տրամադրությունների առումով: Այնուամենայնիվ, շնորհավորում եմ մեր ժողովրդին և անձամբ Ձեզ: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներիներին թե՛ մեր օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, բնականաբար, շատ կարևոր և պատասխանատու առաքելությամբ պետք է իրականացնեն խորքային գործընթացներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ բեկում իրականացնելու և առաջ շարժվելու համար»,-մասնավորապես նշել է Նորիկյանը։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վերոնշյալ հանդիպման շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի հետ:
«Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը: Եվ այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով և գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, և այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջև փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձև»,-նշել է Արամ Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ:
«Վերջին հաշվով, գրոհը կասեցվեց: Դա շատ կարևոր է, իմ գնահատականով, որտեղ մենք ունեցանք շատ էական դերակատարություն: Կարող եմ ասել, որ դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ: Կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը: Հիմա այսպես տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ: Մենք այստեղ որևէ խնդիր չունենք, կլինենք ձեր կառավարության կողքին»,-նշել է Շիրինյանը։