Ես մեկն եմ, ով հավատում է, որ մարդկանց ունեցած ամենամեծ զենքը խոսքն է, այսինքն՝ բանակցությունները: Եթե մենք չենք կարողանում բանակցել, դա ձախողում է ինչպես հայկական ու ադրբեջանական կողմերի, այնպես էլ միջազգային հանրության համար: Բանակցությունների փոխարեն ամեն պատերազմ ձախողվում է, կյանքերի կորուստ, նոր դժբախտության, ատելության ու նոր իրավիճակների ստեղծման պատճառ: Այս մասին «Վաղվա նոր հեռանկարները» խորագրով Կատարի միջազգային տնտեսական հեղինակավոր ֆորումի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Կարծում եմ՝ երկու հարևան երկրների միջև հարաբերություններ կառուցելու համար կարևոր է, որ Թուրքիան ընդունի, որ 106 կամ ավելի տարի առաջ Օսմանյան կայսրությունում սխալ բաներ են կատարվել: Դրանից հետո մենք կսկսենք կառուցել մեր ապագան: Որպես երկրի նախագահ՝ ցանկանում եմ առաջնորդել իմ ժողովրդին ու պետությունը դեպի ապագա, հիշելով անցյալը՝ գնալ դեպի ապագա: Ես նկատի ունեմ դեպի ապագա գնալ ինչպես տեխնոլոգիաների, էկոլոգիայի, այնպես էլ քաղաքականության տեսանկյունից: Ուրախ կլինեմ, որ Հարավային Կովկասի այս պատերազմը լինի վերջինը Հայաստանի մասնակցությամբ: Մենք շուրջ 5 հազար մարդ կորցրեցինք, վիրավորվեց ավելի քան 10 հազար երիտասարդ:
Ես ողջ կյանքս ապրել եմ՝ հավատալով, որ թե՛ գիտության, թե՛ տեխնոլոգիաների, թե՛ բիզնեսի և թե՛ քաղաքականության մեջ դիվանագիտությունը, նկատի ունեմ՝ խոսքի ուժը, ամենակարևորն է: Բայց քանի որ մենք խորհրդարանական երկիր ենք, ես ներգրավված չէի նախագահ Ալիևի հետ բանակցություններում: Ես անձամբ կարծում եմ, որ ցանկացած հակամարտությունից մենք ունենք միայն մեկ ելք՝ բանակցությունները»,-ընդգծել է նախագահը։