Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ տվյալներով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92 տոկոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոս, «Պատիվ ունեմ»-ը՝ 5,23 տոկոս։