Պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են միայն այն պատճառով, որ արդյունքները մեր պատկերացումներին չեն համապատասխանում։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։
«Այս մի քանի ժամվա ընթացքում տեսա տասնյակ գրառումներ, որոնք կապված են որոշ տեղամասերի վերահաշվարկի արդյունքների հետ։ Նախ ակնհայտ է մի բան, որ շրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել։
Իմ ունեցած տեղեկություններով վերահաշվարկը, որն իրականացվել է այսօր որոշ տեղամասերում՝ քանակապես մեծ չէ և օբյեկտիվորեն չէր կարող հանգեցնել քվեների մեծ տարբերության։ Տեսել եմ հատուկենտ գրառումներ, որոնք ակնհայտ է, որ տեղամասային հանձնաժողովի թերացման արդյունք են և արտացոլվել են վերջնական արձանագրություններում։ Բայց եթե քվեաթերթիկներն իրենց տրցակները չեն փոխել, նշանակում է խնդիրը տեխնիկական է և ոչ դիտավորյալ։ Վերահաշվարկը հենց սրա համար է»,-նշել է Խաժակյանը։
Ըստ Խաժակյանի՝ պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են միայն այն պատճառով, որ արդյունքները մեր պատկերացումներին չեն համապատասխանում։ «Պետք չէ արհեստականորեն սասանել մարդկանց հավատը ընտրություններով բան փոխելու հարցում»,-նշել է նա։
Խաժակյանը նշել է նաև, որ այս ընտրություններում իր համար ամենամտահոգիչը եղել է զինվորների ուղղորդված քվեարկությունը, որի փաստերը առնվազն քննության առարկա դարձնելու համար բավարար են։ «Եթե դա հիմնավորվի, ապա այդ տեղամասի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Բայց ակնհայտ է, որ դա ընդհանուր պատկերի վրա չի կարող էական ազդեցություն թողնել։ Պարտությունը պետք է արժանապատվորեն ընդունենք»,-ընդգծել է նա։