«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտոնի կանցնի: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի փոխարեն: Ըստ մեր աղբյուրի՝ սորոսականին Վաղարշակ Հարությունյանով փոխարինելուն նպաստել են ռուսները: Ինչ վերաբերում է պաշտպանության նոր նախարարին, ապա ինչպես «Իրավունքն» է գրել, շրջանառվում է Սամվել Բաբայանի անունը՝ այդ պաշտոնին նշանակելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Պատիվ ունեմ» դաշինքում հետընտրական բուռն զարգացումներ են ընթանում՝ ով վերցնի մանդատը, ով բացարկի դիմում գրի։ Սերժ Սարգսյանը ցանկանում է հնարավորինս մեծ թվով ՀՀԿ-ականներ գործուղել խորհրդարան։ Նա այնքան էլ գոհ չէ ներկա համամասնությունից, որ յոթ հոգանոց խմբակցությունում չորս պատգամավոր լինելու են ՀՀԿ-ի քվոտայով, երեքը՝ Վանեցյանի։ Հիշեցնենք, որ Վանեցյանի կողմից ներկայացված թեկնածուներն են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ու իմքայլական նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Արթուր Վանեցյանը նախօրեին ասաց, որ ինքը նույնպես կվերցնի մանդատը։ Մինչդեռ ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա եւ մեկ հոգով էլ կավելանա իրենց թիմակիցների թիվը՝ ի դեմս գյումրեցի Մարտուն Գրիգորյանի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում վեթինգ խոստացած իշխանությունները չնայած տապալել են դատաիրավական բարեփոխումները, սակայն նորից են բարձրաձայնում, թե մտադիր են վեթինգի գործընթաց սկսել: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխանությունները պողպատյա մանդատ ստանալուց հետո համակարգային վեթինգ կիրականացնեն»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի սանձազերծած վերջին ագրեսիայից և եռակողմ հայտարարության ընդունումից հետո թյուրքական երկու պետությունն առնվազն շաբաթական կտրվածքով հայտարարում են, թե հակամարտությունն անցյալում է և անհրաժեշտ է տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունն ու երկրների միջև սկսել համագործակցությունը: Սակայն, ինչպես միշտ, այս դեպքում էլ նրանց խոսքերը և գործերը լիովին հակասում են իրար: Հրադադարի հաստատումից ի վեր Թուրքիան և Արդրբեջանը 7 ամսում արդեն 7-րդ զորավարժությունն են իրականացնում Հայաստանի և Արցախի սահմանների մոտ: Վերջինն անցկացվեց Նախիջևանում՝ հունիսի 21-23-ը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավտոմեքենաների «գոլդ» համարանիշերի դեֆիցիտ է առաջացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը որոշել է դրանք փոխարինել նորերով: Ըստ ոստիկանության՝ Հայաստանում գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Պարզվում է՝ ՀՀ ոստիկանությունն անգամ հաշվարկել է, թե մեծ պահանջարկ ունեցող, այլ կերպ ասած՝ «գոլդ» համարանիշերի վաճառքից որքան եկամուտ կունենա պետական բյուջեն: Ըստ այդ հաշվարկների՝ այն կկազմի ավելի քան 73 մլրդ 702 մլն դրամ, իսկ ծախսը՝ 2 մլրդ 93 մլն դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հաշվառման համարանիշների թողարկումը թույլատրել 8 նոր տառերով՝ «B», «E», «H», «I», «J», «K», «W» եւ «Y»: Ի դեպ, ՀՀ ոստիկանության մշակած որոշման այս նախագիծը երեկ կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման. այն անգամ չքննարկվեց»: