Մեծ Բրիտանիան շնորհավորում է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ:
Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը:
Կազմակերպությունից ստացված հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիայի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ԺՄԻԳ-ին դիտորդական առաքելության աշխատանքի և զեկույցների համար՝ ներառյալ նախնական արդյունքների և եզրակացությունների հայտարարությունը:
«Մենք ուրախ էինք տեղեկանալ, որ ընտրությունները մրցակցային էին և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին ՝ չնայած սուղ ժամկետներին: Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ քարոզարշավի ժամանակահատվածը բնութագրվում էր ինտենսիվ բևեռացվածությամբ և ստվերվում էր աճող ագրեսիվ հռետորաբանությամբ: Մտահոգիչ է նաև կանանց պասիվ մասնակցությունը ընտրարշավին:
Մենք անհամբեր սպասում ենք ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցին, որը արժեքավոր ուղեցույց կտա, թե ինչպես պետք է փոխել ընտրական գործընթացը այն բարելավելու համար: ԺՀՄԻԳ-ի այս օբյեկտիվ դիտարկումներն ու առաջարկությունները անգնահատելի գործիք են, և մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը լիարժեք օգտագործել դրանք, այդ թվում`ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս և նախորդ առաջարկությունների կատարման միջոցով», – ասվում է դիվանագետի հայտարարության մեջ:
Նիլ Բուշը հավելել է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի սերտ գործընկերությունը Հայաստանի հետ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում: