Մեր բանակը ժամանակի ընթացքում պետք է պրոֆեսիոնալ դառնա։ Մենք մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու մասին։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ վերջին 6 ամիսների ընթացքում բանակի բարեփոխումների շուրջ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել։
Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Անվտանգության խորհրդի աշխատակազմը, Պաշտպանության նախարարությունը և ԶՈւ գլխավոր շտաբն ինտենսիվ աշխատել են բարեփոխումների հայեցակարգի ուղղությամբ:
«Կարելի է ասել, որ մենք հասել ենք հայեցակարգի ձևավորման վերջին փուլին։ Հուսով եմ, որ արդեն մոտ ժամանակներս մենք կհաստատենք այն և կսկսենք բարեփոխումները»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Նա նշել է, որ բարեփոխումների արդյունքում կբարձրանա բանակի արդյունավետությունը։
«Ազդեցություններից մեկն այն է, որ քաղաքացիները ծառայելու ավելի մեծ ցանկություն կունենան, որովհետև 2 տարվա և 1,5 տարվա տարբերությունը շատ մեծ է: Կան նաև այլ դրական գործոններ»,- հայտարարել է նա: