Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:
Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պատասխանատու պաշտոնում:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակին և խոսել նոր ժամանակաշրջանի կարևոր առանձնահատկության մասին:
«Մեզ համար կարևորագույն առաքելություններից լինելու են հանրային կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայության համակարգի էական բարեփոխումները: Այս առումով, իհարկե, շատ կարևորում եմ աշխատակազմի և նրա ստորաբաժանումների դերն այդ առաքելությունն իրականացնելու համար: Մեր կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը եղել է կառավարման որակը և արդյունավետությունը: Այդ քննադատությունը լեգիտիմ է, բայց ուզում եմ ասել, որ ընդհանրապես այնպես չէ, որ դա միայն մեր կառավարությանն է վերաբերում: Կառավարման արդյունավետությունը մեզ համար պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն, և կառավարման որակն սկսվում է վարչապետի աշխատակազմից»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մենք անընդհատ ասում ենք, որ բարդ փուլ ենք անցել, բայց դա չի նշանակում, որ առաջիկա փուլը բարդ չի լինելու, պարզապես ամեն փուլ ունի իր բարդության առանձնահատկությունները: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է կարողանալ հասկանալ, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում, որովհետև այս ճիշտ ախտորոշման պարագայում կկարողանանք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու, և եթե տեղի ունենալիքի մեջ անբարենպաստ դրսևորումներ կան, կարողանանք կառավարել դրանք: