Հուլիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին, պարզաբանեց, որ պատշաճ չի համարում Սահմանադրական դատարան ընտրախախտումների մասով դիմած մյուս քաղաքական ուժերի հետ միասնական դիմումով ներկայանալը:
Նա նշեց, որ «Զարթոնք» և «Պատիվ ունեմ» դաշինքները բավականին հետաքրքիր հարցերով են դիմել ՍԴ, գուցե դրանք որոշ տեղերում նաև համընկնեն «Հայաստան» դաշինքի դիրքորոշման հետ, սակայն ՍԴ իրավունքի առումով միասնական դիմումի կառուցակարգը չի դիտարկվել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ՍԴ հնարավոր մերժման դեպքում փողոցային պայքար նախատեսում են, թե՝ ոչ, ապա Վարդևանյանը նշեց, որ իրենց պայքարը հիմնված չէ ատելության վրա: Պայքարը նաև իրավական դաշտում է և քաղաքակրթության մակարդակի վրա: